Երևանում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին այն առաջարկին, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգության երաշխիքների ներքո ապահովել Արցախի բնակչության անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց բնակավայրեր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով իշխանության դիրքորոշումը, նշեց, որ ընդդիմությունը արցախցիների վերադարձի հարցը «դրոշակ» է դարձրել։
«Ուզում եմ հասկանալ՝ իրենք պատրա՞ստ են ապահովել այդ մարդկանց անվտանգությունը։ Լո՞ւրջ եք ասում», — ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ ընդդիմադիրները միայն բարձր խոսքեր են ասում՝ առանց իրատեսական լուծումների։
Նրա խոսքով՝ ներկայում որևէ մեկը չի կարող երաշխավորել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղի բնակավայրեր։
«Կա՞ մարդ, որ այսօր կարող է հայտարարել, թե կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղ։ Մեծ-մեծ խոսելով չէ։ Բնական է, որ երբ հարաբերությունները կնորմալանան, գուցե ինչ-որ մարդիկ վերադարձեն, եթե հնարավորություն լինի», — հավելեց նա։
Լրագրողների այն դիտարկմանը, թե նման մոտեցումը հիշեցնում է Գազայի իրավիճակը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա «շատ լավ օրինակ» է․
«Տեսեք՝ միջազգային հանրությունը հավաքվեց, ու հիմա Գազայում ցեղասպանություն է։ Մենք կարող էինք դառնալ երկրորդ Գազան․ մեր տարածքը կվերածեին Գազայի», — ընդգծեց ԱԺ նախագահը։