Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում առկա խցանումները տնտեսական որոշակի ակտիվության հետևանք է համարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը հայտնեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում։ Միայն Երևան քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել՝ հարակից մարզերի մեքենաների քանակը չհաշված։ Դրանք նույնպես Երևանի փողոցներով երթևեկում են»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը ներկայացրեց քաղաքը խցանումներից բեռնաթափելու համար առաջարկվող լուծումները, որոնք քննարկվել են Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի նիստում:
«Հիմնական ճանապարհը, որով կարող է գնալ ճգնաժամային հանձնաժողովը, կրկին կենտրոնանում է հանրային տրանսպորտի ավտոբուսային գծերի ավելացման վրա՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների մասով որոշակի սահմանափակումներ կիրառելու եղանակով: Աշխարհը դեռ ուրիշ մեխանիզմ չի մտածել, քան հանրային տրանսպորտին հնարավորություններ տալն է և անհատական ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակելը։ Իհարկե, նաև տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել հանձնաժողովի նախորդ նիստին․ անկյունաքարային մեր խաչմերուկներում պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք նաև հաշվի կառնեն հոսքերը և ինքնակարգավորմամբ իրենց ռեժիմները կփոխեն»,- նշեց Երևանի քաղաքապետը: