Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն ցուցաբերեց խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
«Մեր նպատակը խաղաղության հասնելն էր: Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ վարչակազմին, նախագահ Թրամփին և նրա ողջ թիմին՝ խաղաղության առաջխաղացման գործում ցուցաբերած քաղաքական աջակցության համար»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են խաղաղության հաստատման գործընթացում. «Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո ոչ մի երկիր չգիտեր խաղաղության մասին: Այնուամենայնիվ, մենք գտնվում ենք խաղաղության հաստատման գործընթացում: Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ և այդ բոլոր սարսափելի բաները: Սակայն այս ժամանակահատվածում խաղաղություն հաստատելը և խաղաղ կյանքի պայմաններին հարմարվելը չափազանց դժվար է»: