Պենտագոնը թույլատրել է Սպիտակ տանը Ուկրաինային փոխանցել մեծ հեռահարությամբ թևավոր Tomahawk հրթիռները` որոշելով, որ դա չի վնասի ԱՄՆ-ի զինամթերքի պաշարներին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և եվրոպական աղբյուրները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միայն ԱՄՆ-ն է տիրապետում Tomahawk-ների կիրառման հմտությանը և չի պատրաստվում այդ գիտելիքը որևէ մեկի հետ կիսել։
CNN-ի տվյալներով՝ այժմ հրթիռների փոխանցման վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ եթե Tomahawk հրթիռներով հարվածներ հասցվեն Ռուսաստանի տարածքին, պատասխանը «լուրջ կլինի, եթե չասենք՝ զարմացնող»։
ԱՄՆ միացյալ շտաբն այս ամսվա սկզբին իր գնահատականը փոխանցել էր Սպիտակ տանը՝ նախքան Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ, ով պնդում էր հրթիռների տրամադրման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի խորքում գտնվող նավթային և էներգետիկ օբյեկտներին ավելի արդյունավետ հարվածելու համար։ Tomahawk հրթիռների հեռահարությունը մոտավորապես 1600 կմ է։
CNN-ը գրում է, որ գնահատականը ոգևորել էր ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին, ովքեր կարծում են, որ այժմ ԱՄՆ-ն ավելի քիչ արդարացումներ ունի հրթիռները չտրամադրելու համար, հայտնել է երկու եվրոպացի պաշտոնյա։ Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից մի քանի օր առաջ նշել էր, որ ԱՄՆ-ն ունի «շատ Tomahawk-ներ», որոնք «կարող է տրամադրել Ուկրաինային»։