Հետևեք մեզ։

Փարաքարի համայնքապետի սպանությունը եղել է որպես փետրվարյան իրադարձության շարունակություն․ ՆԳ նախարար

11:49, 03 նոյեմբեր 2025
Փարաքարի համայնքապետի սպանությունը եղել է որպես փետրվարյան իրադարձության շարունակություն․ ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մանրամասներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։

Սարգսյանը նշել է, որ Գրիգորյանի սպանությունը կապված է փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների հետ․ «Չնայած հանրային դաշտում տարբեր խոսակցություններին, թե դեպքը քաղաքական ենթատեքստ ունի կամ կազմակերպվել է իշխանությունների կողմից, քրեական վարույթով ունենք հստակ ապացույցներ, որոնք հիմնավորում են հանցագործության իրական մոտիվը։ Դա եղել է փետրվարյան դեպքերի շարունակությունը»։

Նախարար Սարգսյանը նաև պարզաբանել է, որ փետրվարյան միջադեպերից հետո ոստիկանությունը տեղադրել է հենակետեր այն անձանց տների մոտ, որոնք գնահատվել են որպես ռիսկային։ Սակայն, ինչպես նշեց նա, հնարավոր չէ մշտապես ամեն տան մոտ ոստիկան պահել․ «Բնականաբար իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, բայց որևէ ազդակ նման հանցագործության կազմակերպման մասին չի եղել»։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ թե արդյոք նախարարությունը տեղյակ է եղել սպանության նախապատրաստությունից, Արփինե Սարգսյանը նշել է․
«Նախարարը օպերատիվ ծառայող չէ, համայնքային տեսուչ չէ։ Նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, և ես քաղաքական պատասխանատուն եմ ոստիկանության գործունեության համար։ Այդ իսկ պատճառով, կիսամյակային ամփոփման ժամանակ գնահատել եմ, որ Վաղարշապատի բաժինը վատ է աշխատել, և բաժնի պետը ազատվել է պաշտոնից։ Նույնը վերաբերում է պարեկային ծառայության գումարտակի հրամանատարին, իսկ Արմավիրի մարզի քրեական ոստիկանության պետն ազատվել է դեպքից հետո»։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունն այժմ շարունակում է օպերատիվ աշխատանքները, և նոր տվյալներ ի հայտ գալուն պես դրանք կհրապարակվեն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ 

Վերլուծական