Սիրելի քաղաքացիներ, 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, ասում են՝ մի նախկին դաշնակցական, մտավ էս շենք ու գնդակահարեց Հայաստանի Հանրապետության պետական գլուխներին։ Այսպես այսօր ԱԺ ամբիոնի մոտ սկսեց իր ելույթը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որից հետո իրավիճակը մի պահ լարվեց դահլիճում։
«Հանգստացի, արա՛»,-Ալեքսանյանին փորձեցին սաստել դահլիճի ընդդիմադիր հատվածից։ Հետո Ալեքսանյանը հիշեցրեց, որ դաշնակցականները մե՛կ Թալեթից են խոսում, մե՛կ 130 տարուց են խոսում։ «Թալեաթը, Թալեաթի թիմը ձեր կոալիցիոն գործընկերն էր»,-հայտարարեց Ալեքսանյանը, որին տեղից նորից արձագանքեցին, թե ՔՊ-ն էլ է իրենց կոալիցիոն գործընկերը եղել։ «Մենք ձեր կոալիցիոն գործընկերը չենք եղել, մի՛ շփոթեք։ Հա, չնայած՝ մի քանի նախարար նշանակել ենք ձեզնից»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Իրավիճակը նորից լարվեց, երբ Ալեքսանյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, թե արդյոք նա իր կյանքում հինգ միլիարդի զենք տեսե՞լ է մեր բանակում։ «Ես էլ չեմ տեսել, Դուք էլ չեք տեսել, բա հենց էդ եմ ասում, որ չենք տեսել․․․ Երևի Ռուսաստանում կամ ինչ-որ մի տեղ պառադի եք եղել՝ տեսել եք»,-ասաց Ալեքսանյանը։ Օհանյանն էլ տեղից արձագանքեց, թե ըստ էության թող ելույթ ունենա։
Ալեն Սիմոնյանն էլ միջամտեց, թե էությունը ինքը չի որոշում, այլ ելույթ ունեցողն է որոշում։ Այդ պահին տեղից արձագանքեց նաև ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, և Ալեն Սիմոնյանը մեկ անգամ դիտողություն անելուց հետո ստիպված եղավ Վիգեն Խաչատրյանին և Սեյրան Օհանյանին նկատողություն հայտարարել։ Շարունակելով իր ելույթը՝ ՎահագՆ Ալեքսանյանը հիշեց, որ ինքը 2016 թվականին ծառայել է Օհանյանի ղեկավարած բանակում, և պետք է ասի, որ Օհանյանի ղեկավարած բանակն իրեն մայկա-տռուսիկ չէր տալիս։ «Այո, Ձեր ղեկավարած բանակը ինձ մայկա-տռուսիկ չէր տալիս»,-ասաց Ալեքսանյանը։
Սեյրան Օհանյանը նորից տեղից փորձեց դիտողություններ անել ՔՊ-ականին, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ջղայանցեք, դուրս եկեք, էլի, պարոն Օհանյան։ Չգիտեմ, մի բան արեք, բայց էլ մի շարունակեք։ Դուք չեք որոշողը՝ ով է փոքր մարդ, նենց չի, որ դահլիճում նստած մնացածը տենց եսիմ ովքեր են, էլի, իմ գնահատմամբ, բայց ես դրա մասին բարձր չեմ խոսում։ Հիշեք՝ ով ա, էլի, ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դառել ու ինչի տեր ա դառել, կարամ ցուցակը ներկայացնեմ՝ ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով։ Իսկ հիմա լքեք դահլիճը, կամ հանգստացեք նստեք, կամ անհանգիստ նստեք։ Ինձ թվում ա՝ Դուք չեք գիտակցում՝ որտեղ եք գտնվում և ով եք Դուք»։