Վերջին տարիներին Ադրբեջանն արշավ է սկսել՝ նվիրված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի Հանրապետության մի մասը կամ ամբողջ տարածքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ OC Media անկախ լրատվական հարթակը, որը լուսաբանում է Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանները, բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը. այդ արշավը, թեև ներկայացված է որպես մարդասիրական, սակայն հող է նախապատրաստում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական պահանջների համար։
«Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք»,-նշվում է հոդվածում։
Թեև արշավը հրապարակայնորեն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական, սակայն անկախ փորձագետները բացահայտել են հստակ իռեդենտիստական ենթատեքստ։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023 թվականին Carnegie Europe-ի համար գրած հոդվածում նախաձեռնությունը բնութագրել է «պարզապես իռեդենտիստական»։
Ադրբեջանի կառավարությունից արտահոսած փաստաթղթերը, որոնք հայտնվել են OC Media-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ այս դիսկուրսը մեծապես համակարգվում է և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից և ստանում դրա աջակցությունը՝ չնայած, որ այն ղեկավարում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը:
«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական ոգևորությունը», - OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող և Ադրբեջանի քաղաքացիական հարցերով փորձագետ Ալտայ Գոյուշովը։
«Այն որպես գործիք է ծառայում՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և շեղելու մարդկանց սոցիալական խնդիրներից ու իրենց ոտնահարված իրավունքներից։ Ավելին, այն գործում է որպես ուրույն Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», - հավելել է նա։
Ուղերձ` օտարերկրյա ձայների միջոցով
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմը անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով տեղեկատվական նյութեր: Ֆայլերում նշված անունները, ամսաթվերը և պայմանագրերը համապատասխանում են հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերին:
Գլխավոր իրադարձությունը եղել է 2023 թ. դեկտեմբերի 5-6-ը Բաքվում անցկացված բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 109,000 մանաթ (մոտ 65,000 դոլար)՝ հոգալու հյուրանոցային կացության, աուդիո-վիզուալ արտադրության, բրենդինգի և ադրբեջանցիների՝ այսպես կոչված վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման ծախսերը: Բաքուն այդ համաժողովի համար հյուրընկալել է առնվազն 34 օտարերկրյա մասնակիցների Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից։
Ըստ OC Media-ի՝ համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորման հետ պայմանագիր է կնքվել՝ պետության աջակցությունն ստացող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքում այս նարատիվին աջակցող բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց գործն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները տարածվեն միջազգային լրատվամիջոցներով։
Չնայած այս ջանքերին՝ միջոցառումից հետո OC Media-ի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ միջոցառումը հետագայում քիչ արձագանք է ունեցել։ Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, իսկ միջազգային լուսաբանումը լայն չի եղել: Սակայն Բաքվում պետական լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասի խոսքերը, որոնք աջակցում էին համաժողովի ընդհանուր ուղերձին։
Այսպես, կազմակերպիչները միջոցառումը համարել են հաջողված և նմանատիպ միջոցառում են անցկացրել նաև 2024 թվականին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում մասնակիցներին շնորհվել է խորհրդանշական «անդամակցություն ի նշան երախտագիտության»՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գաղափարն առաջ մղելու գործում ունեցած իրենց դերի համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։