Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործընթացը ամբողջությամբ վերահսկվում է մասնագետների կողմից։
Նախարարի խոսքով՝ կատարվող վերականգնման աշխատանքները տեխնոլոգիական առումով նորություն չեն․ նույն մեթոդը կիրառվել է նաև 2015 թվականին։ Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր քայլ հաստատվում է գիտամեթոդական խորհրդի կողմից՝ ապահովելով գործընթացի մասնագիտական մոտեցումը։
Նա նաև հրավիրել է հետաքրքրված քաղաքացիներին այցելել հուշահամալիր՝ անձամբ ծանոթանալու աշխատանքների ընթացքին և մասնակցելու տեղում կազմակերպվող մասնագիտական քննարկումներին։
«Խնդրում և պահանջում եմ դադարեցնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ապատեղեկատվության տարածումը», — ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ բոլոր աշխատանքները կատարվում են այնպես, որ չխանգարեն այցելուներին։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլը։