Հետևեք մեզ։

Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել. Ժաննա Անդրեասյան

13:42, 04 նոյեմբեր 2025
Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել. Ժաննա Անդրեասյան

Մշակույթի ոլորտում մեր անելիքները բազմաթիվ են: Մի կարևոր բան կուզեի հատկապես նշել. մեր ներդրումներն են կապիտալ ծավալի՝ այս ոլորտում: Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել: Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես կուզեմ, օրինակ՝ թվարկել՝ ինչ գույք, լուսաձայնային սարքավորումներ, այլ անհրաժեշտ պարագաներ ենք ձեռք բերել մեր տարբեր թատրոնների, համերգասրահների համար: Մոտ օրերս, կարծում եմ, կկարողանանք միասին ականատես լինել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի բացմանը, որտեղ պետությունը հատկացրեց բոլոր պակասող անհրաժեշտ միջոցները, գույքի, ընդհուպ մինչև աթոռների համար, որոնք չէին թողնում, որ շինաշխատանքներն ավարտին հասցվեին: Այստեղ մենք մեծ ծավալի ներդրումներ ենք արել լուսային, ձայնային տեխնիկայի և մնացած բոլոր ուղղություններով»,- տեղեկացրեց Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Արտաշատի, Գյումրու թատրոնների համար լուսային, ձայնային տեխնիկաներ են ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա մեր մարզային թատրոններում ունենալ պատճաշ միջավայր և պայմաններ՝ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով դիտել որակյալ ներկայացումներ: 

Աջակցություն է տրամադրվել նաև մյուս թատրոններին և համերգասրահներին:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սա ոչ թե կոնկրետ անձանց կոնկրետ նպատակներով ուղղված աջակցության ծրագրեր են բարեգործական միջոցներով, այլ հետևողական, պետական ջանք է, որը դրվում է մշակութային կյանքի որակը փոխելուն:

Հաջորդ տարի բյուջեով նախատեսված են Գորիսի և Վանաձորի թատրոնների հիմնանորոգումներն ու կառուցումները: Տարբեր կառույցների համար էական միջոցներ են նախատեսված նաև երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով:

«Ֆինանսավորման նոր մոդելը կգործի նաև Սունդուկյանի թատրոնում: Սա էապես բարձրացրել է ոլորտում աշխատող ստողծագործական կազմի վարձատրությունը: Սա է ճանապարհը, որով տեսնում ենք՝ ոլորտը պիտի գնա»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև ներկայացրեց՝ ինչ միջոցներ է տրամադրում Կառավարությունը մարզերում մշակութային կյանքի աշխուժացման համար:

«Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ մենք մշակութային կյանքը աշխուժացնենք և հասանելի դարձնենք մեր բոլոր բնակավայրերում»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարարը:

Վերլուծական