Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի կարևոր ծրագրերից Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» նախագծին, որի հատկացումները հաջորդ տարի կկազմեն շուրջ 5 միլիարդ դրամ՝ կրկնակի ավելի, քան այս տարի: «Մենք մտել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործնական իրագործման փուլ: Վերջերս ամփոփվեց 14 քաղաքային բնակավայրերում անցկացված հանրային արշավը, հոկտեմբերի 20-21 կազմակերպվեց ծրագրին նվիրված միջազգային համաժողով, որին շատ լայն մասնակցություն ունեցան ոլորտի տարբեր փորձագետներ, ՀՀ բուհերի, ինչպես նաև տարբեր երկրների պատվիրակություններ: Արդյունքները ևս մեկ անգամ հավաստեցին ծրագրի մրցունակությունը և երկրի հանրային զարգացման համար հեղափոխական նշանակությունը: Այս պահին ամփոփման փուլում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը՝ համաձայն մեր օրենսդրության»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Այս շաբաթ կմեկնարկեն ակադեմիական քաղաքի մաքրման աշխատանքները: Տեղեկացնելով, որ մաքրման աշխատանքներում ընդգրկված է պրոֆեսիոնալ ծառայություն, նախարարը հանրությանը կոչ է արել մասնակից դառնալ այդ գործընթացին:
Ներդրումային պլանը նույնպես մշակման ընթացքում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության կողմից: Առաջին փուլում պլանավորվել է տեխնոլոգիական կլաստերի, շուրջ 3600 տեղ հզորությամբ ուսանողական կացարանների և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների կառուցումը: Ծրագրի հետ կապված բոլոր մանրամասները ներառված են պետական բյուջեում, և աշխատանքները կիրականացվեն նաև այլ ներդրումների ներգրավման միջոցով: