Ինձ ասացին, որ երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նաև հարց է հնչել իմ համեստ անձի մասին։ Առաջինը, որ ուզում եմ արձանագրել՝ թերևս վտանգի, վախի զգացում ունեն, որ փորձել են փարատել։ Երկրորդը, սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր՝ ՔՊ-ականների կողմից քննադատության ենթարկված այն հայտարարությանը, թե իշխող ուժին հեռացնելու համար պետք է ձևավորվի քաղաքական մահապարտների 100 հոգանոց թիմ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ վերահաստատելով իր այդ միտքը։
«Հետաքրքիր է, որ երբեք գործ տվողի բնավորություն չեմ ունեցել, այլապես շատ բաներ, երևի, այլ կերպ կլինեին։ Ինչ ասել եմ իմ հարցազրույցում, բնականաբար, տեր եմ իմ այդ ամենին։ Երաշխավորում եմ, որ այդ մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն՝ դասալիքներ, բնականաբար, չեն լինելու»,-ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ իր նշած այդ հարյուր մահապարտների մեջ պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք կլինեն պատրաստ՝ մինչև վերջ գնալու վճռական անձնազոհության։ Այդ մարդիկ, ըստ Վարդանյանի, ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ, մշակությաին գործիչներ, ռազմական գործի մասնագետներ։