Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը խաղաղության համար կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումներն ակտիվացնելը

11:20, 05 նոյեմբեր 2025
Արարատ Միրզոյանը խաղաղության համար կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումներն ակտիվացնելը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խաղաղության համար կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումներն ակտիվացնելը:

Այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

«Երբ խոսում ենք հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման: Այդ հարցերից մեկը հենց երկու հասարակությունների միջև կապերն են։ Նաև պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջում, այդ հաշտեցման կարիքը կա, բայց հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմաներով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- ասաց Միրզոյանը: 

 

«Շաբաթներ առաջ տեղի ունեցան շփումներ քաղհասարակության ներկայացուցիչների միջև Հայաստանում, այս լսարանում ունենք փորձագետներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից: Սա է ճանապարհն այդ երկխոսությունը նաև հասարակությունների միջև զարգացնելու համար»,- ասաց Միրզոյանը: 

 

Վերլուծական