Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս պահին չկան տվյալներ, որոնք կհաստատեն, թե Նաթան Սրբազանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է։
«Պարզ ասեմ՝ այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է», — ասաց Պողոսյանը։
Նա նաև արձագանքեց այն պնդումներին, թե այս վարույթների նպատակը Վեհափառ Հայրապետին հետագայում կալանավորելու հնարավորություն ստեղծելն է՝ ընդգծելով, որ Քննչական կոմիտեն որևէ վարույթով նման նպատակ չի հետապնդում։
Հիշեցնենք, որ 2023 թվականին իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին ձայնագրություն, որը ներկայացվում էր որպես Նաթան Սրբազանի և Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի զրույց։ Այդ ձայնագրությունում Երնջակյանը Վեհափառ Հայրապետին մեղադրում էր՝ պնդելով, թե վերջինս իր ընտանիքի անդամներին ստիպել է մասնակցել հանրահավաքների։