ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրված հրատապ նիստին քննարկվում էր դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատախազ Ծովակ Մնացականյանը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել հանրապետությունից չբացակայելու արգելքը։
Նշվում է, թե դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան, այն հիմնավորմամբ, թե իբր օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը և ներկայացվել է միջնորդություն՝ նրա նկատմամբ կրկին արգելք կիրառել՝ հանրապետությունից չբացակայելու համար։
Նիստը հրավիրելու պատճառների մասին Սերժ Սարգսյանը տեղյակ չէր. «Նիստը սկսվի՝ հասկանալի կդառնա»,-լրագրողներին ասաց նախագահը։
Նիստը կշարունակվի դռնփակ կարգով։
Նշենք, որ նախորդ նիստերում հանվել էր հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը։