Հետևեք մեզ։

ԵՄ-ն պաշտոնապես Հայաստանին հանձնեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

13:09, 05 նոյեմբեր 2025
ԵՄ-ն պաշտոնապես Հայաստանին հանձնեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնեց վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը ներառում է անվտանգության, սահմանների կառավարման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվելիք բարեփոխումները։ 

«Մենք հենց նոր Ներքին գործերի նախարարին հանձնեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ տարբեր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ։ Նպատակներ, որոնց պետք է հասնել հաջորդող տարիներին։ Շնորհավորում եմ նախարարին և իշխանություններին այս գործընթացում արագ և խորքային առաջընթացի համար։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն»,-ասաց Լուխները։ 

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը իր հերթին հայտարարեց, որ սա պատմական քայլ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության իրականացման ճանապարհին։ 

«Հիրավի պատմական իրադարձություն ունենք այսօր, որովհետև, ի վերջո, վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքերի արդյունք է։ Այսօր պաշտոնապես հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Հանրապետության համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագիրը։ 

Այս համատեքստում ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի շարունակական երկխոսություն վիզաների ազատականացման թեմայով։

Պետք է ընդգծեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացվել է հայկական կողմին, լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բարեփոխումների քաղաքականությանը։ Դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք էական նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի վրա և, հատկապես վիզաների ազատականացման համատեքստում, կապահովեն արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ»,- նշեց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները կներառեն միգրացիոն կառավարման, ապաստանի, սահմանային անվտանգության, մարդու իրավունքների և հանրային անվտանգության ոլորտները՝ որպես Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առանցքային մաս։

«Ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Կիսում եմ այն գնահատականը, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը գտնվում է հանրային լայն ուշադրության կենտրոնում և ձևավորել է բարձր ակնկալիքներ»,- ընդգծեց Սարգսյանը։ 

Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։ 

 

Վերլուծական