Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փորձարկումների վերսկսման նախապատրաստական անհապաղ աշխատանքները սկսելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տարածելով ՌԴ պաշտպանության նախարարի համապատասխան հայտարարության տեսանյութը։
«Ես կարծում եմ, որ նպատակահարմար է անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Բելոուսովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև կայացած հանդիպման ժամանակ։
Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները հոկտեմբերին անցկացրել է «Գլոբալ տենդեր 2025» զորավարժությունները, որոնք ներառում էին Ռուսաստանի դեմ կանխարգելիչ միջուկային հարվածի փորձարկումներ:
ՌԴ պաշտպանության նախարարի կարծիքով՝ Վաշինգտոնի գործողությունները հստակ ցույց են տալիս, որ այն ակտիվորեն կուտակում է իր ռազմավարական հարձակողական զենքը:
Բելոուսովը նշել է, որ ԱՄՆ կողմից միջուկային փորձարկումների մորատորիումից հնարավոր հրաժարումը կարող է լինել քայլ դեպի համաշխարհային ռազմավարական կայունության խաթարումը:
Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունները:
Նա հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի կողմերը որոշեն դրանք անցկացնել:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշևը Վլադիմիր Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի պարզեն միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ մտադրությունների հետ կապված իրավիճակը։ Պուտինը հանձնարարել է լրացուցիչ տեղեկություններ հավաքել միջուկային փորձարկումների շուրջ ԱՄՆ-ի ծրագրերի վերաբերյալ:
Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն հետևել է այս փաստաթղթին և չի պատրաստվում շեղվել իր պարտավորություններից:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա իր որոշումը հիմնավորել է՝ մեջբերելով այլ երկրների, որոնք, ենթադրաբար, նույնն են անում: