Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է փոխվարչապետը։ Նա նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, որ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային կապ։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ Նրա գնահատմամբ, սա նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանի կայունության և տարածաշրջանային բոլոր պետությունների տնտեսական զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքի ապացույցն է։
Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է հայկական շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների ներմուծման համար, ինչպես նաև մեծացնում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։
«Խորհրդանշական է, որ այս երկաթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - հավելել է Օվերչուկը։