Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքեց պետական համակարգում էլեկտրոնային ձևաչափերի չկիրառման խնդրին՝ հորդորելով ամբողջությամբ անցնել թվային կառավարման։
Նա գործադիրի անդամներին երկու շաբաթ ժամանակ տվեց՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Փաշինյանը շեշտեց, որ այսուհետ ամեն ինչ պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
«Միայն և բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք։ Թող նույնիսկ ճգնաժամ ստեղծվի, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ»,– հայտարարեց վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ թոշակների վճարումը ևս պետք է կազմակերպվի միայն էլեկտրոնային եղանակով․
«Երկու շաբաթ ժամանակ ունեք․ բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային ձևով»,– ասաց Փաշինյանը։
Քննարկման ընթացքում Շիրակի մարզպետը փորձեց խոսել՝ նշելով, որ մարզում տարեցներ կան, ովքեր դժվարությամբ են կարողանում այցելել բանկեր։ Փաշինյանը նախազգուշացրեց՝ հակառակ կարծիք հնչեցնելու դեպքում խոսք չտա, սակայն մարզպետը պարզաբանեց, որ պարզապես առաջարկ ունի՝ խնդրել Կենտրոնական բանկին, որպեսզի բանկերի ներկայացուցիչները մոտենան տարեցներին և տեղում տրամադրեն բանկային քարտեր։