Հետևեք մեզ։

Պետք է սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը․ Փաշինյանը` ՀԷՑ-ի ճակատագրի մասին

14:04, 06 նոյեմբեր 2025
Պետք է սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը․ Փաշինյանը` ՀԷՑ-ի ճակատագրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) հարցով կառավարության դիրքորոշումը կձևավորվի միայն այն բանից հետո, երբ հրապարակվի ՀԾԿՀ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) որոշումը։

«Պետք է սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը, և դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը։ Նախկինում ներկայացված երկու սցենարները շարունակում են մնալ ուժի մեջ։ Հանձնաժողովի որոշումը ցույց կտա՝ այդ տարբերակներից որն է իրագործելի, որն՝ ոչ»,– ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ եթե առաջին տարբերակը հնարավոր լինի իրականացնել, ապա որոշիչ գործոնը կլինի գինը։

«Գինը պետք է հիմնավորվի համակողմանի ուսումնասիրությամբ։ Եթե այն լինի ընդունելի և տրամաբանական, հարցը լրջորեն կքննարկենք։ Իսկ եթե գինը չափազանց բարձր լինի և պետական միջոցներով հնարավոր չլինի գործարքն իրականացնել, կդիմենք երկրորդ տարբերակին»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ սցենարի դեպքում ՀԷՑ-ը կմասնավորեցվի միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացված կազմակերպության միջոցով, սակայն կառավարությունը կպահպանի որոշակի մասնակցություն կառավարման գործընթացում։

Վերլուծական