Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկից վարկ է վերցրել և ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքին պատկանող շենքից բնակարան գնել․ «Հետք»

18:35, 15 հունիս 2023
Ալեն Սիմոնյանը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկից վարկ է վերցրել և ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքին պատկանող շենքից բնակարան գնել․  «Հետք»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Այս մասին «Հետք»-ը տեղեկանում է Ալեն Սիմոնյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից։

Հիշեցնենք՝ «Բյուրեղ» բնակելի թաղամասը կառուցում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն։ Արսենյանն այժմ սերտ կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021թ․ դարձել է Ջերմուկի համայնքապետ։

Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում, նա 2022 թվականի ընթացքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխառության է հանձնել 53 մլն 920 հազար դրամ, որն էլ, կարելի է ասել, բնակարանի ձեռքբերման գործարքի արժեքն է։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից», վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ։ Գումարը հայտարարագրվել է որպես հաշվետու տարում ստացած եկամուտ։

Որպես անշարժ գույք Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոնում գտնվող, միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը՝ ձեռք բերված 2019 թվականին։ ԱԺ նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր հայտարարագրում նշել է 2014 թվականին ձեռք բերված բնակարանը Երևանի կենտրոնում, իսկ որպես տրանսպորտային միջոց՝ 2021 թվականի արտադրության Land Rover-ը՝ գնված 2021 թվականին։

Ինչպես արդեն նշեցինք, Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանը «Բյուրեղ» բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար «Հայէկոնոմբանկից» 48 մլն դրամ վարկ են վերցրել։ Այլ եկամուտներից ԱԺ նախագահի կինը նշել է 159 դոլար «Հայէկոնոմբանկից»՝ որպես տոկոս կամ այլ հատուցում, վարկ «Ամերիաբանկից»՝ 726 հազար դրամ, ինչպես նաև աշխատանքի վարձատրություն «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից՝ 11 մլն 285 հազար դրամի չափով և «Էֆէմէֆ Գրուպ» ՍՊԸ-ից՝ 8 մլն դրամի չափով։ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ում, որը ներկայացնում է նույնանուն լրատվամիջոցը, Մարիամ Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ «Էֆէմէֆ Գրուպում» նա, բացի տնօրեն լինելուց, նաև 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ Այդ ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է տեսաֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի պատրաստմամբ։

Որպես անկանխիկ գումար Մարիամ Մարգարյանը տարեսկզբին նշել է 159 դոլար և 36 հազար դրամ, որոնք տարեվերջին այլևս չեն եղել, իսկ կանխիկ դրամով ԱԺ նախագահի կինը հայտարարագրել է 2100 դոլար և 2,5 միլիոն դրամ։

Հավելենք՝ Ալեն Սիմոնյանը իշխանության ներկայացուցիչներից միակը չէ, որը բնակարան է գնում «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Ավելի վաղ, «Հետքը» գրել էր, որ այդ թաղամասում շուկայականից մի քանի անգամ ցածր գնով բնակարան էր գնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Բյուրեղ» թաղամասում բնակարան են գնել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս տվյալները երևում են նրանց հայտարարագրերում։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։