Հետևեք մեզ։

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

21:40, 07 նոյեմբեր 2025
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան՝ Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա հողատարածքների հափշտակման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 9 անձ, որոնց նկատմամբ ներկայացվել է կալանքի միջնորդություն։

 

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթը վերաբերում է 2008–2014 թթ. հանցավոր կազմակերպության կողմից իրականացված կոռուպցիոն սխեմային, որի ընթացքում կեղծ փաստաթղթերի միջոցով Երևան համայնքի մեծածավալ հողատարածքներ ապօրինի դուրս են բերվել համայնքային գույքային ֆոնդից և օգտագործվել խարդախությամբ վարկեր ստանալու ու փողերի լվացման նպատակով։

 

Տասնյակից ավելի խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և այլ ապացույցներ։ Ընդհանուր առմամբ 12 անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, որոնցից 9-ը ձերբակալված են, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

 

Վերլուծական