Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու պահանջով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Ավելի վաղ, Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր, որ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանում իրականացված խուզարկություններից հետո․ հոկտեմբերի 21-ին նա երկու ամսով կալանավորվեց։ Ղուկասյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մեղադրվում են խմբով խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։