Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում:
Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։ Դրանք արձանագրվել են «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերում։ Օրինակ, հանձնաժողով ներկայացրած տվյալներով, Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի տարբեր տեղամասերի պետեր հրահանգել են ապահովել հոսանքի կորուստներ տարբեր տոկոսներով։
Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ Նշված վարկերը ստացվել են Հայաստանի առևտրային բանկերից։ Օրինակ, մի դեպքում «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ստացել է 7 մլն դոլարի վարկ «Արդշինբանկից», վարկի երաշխավոր եղել է ՀԷՑ-ը, մեկ այլ դեպքում «ԱՄԻՕ» բանկը միլիոնավոր դոլարներ է տրամադրել «Արմհոլդինգ» ՓԲԸ-ին, որի երաշխավորը կրկին եղել է ՀԷՑ-ը։ Ըստ ՀԾԿՀ-ի, սա վարքագիծ էր, որով կարող էր վտանգվել սպառողներին հոսանքի մատակարարումը, կարող էին ստեղծվել ֆինանսական ու անվտանգային խնդիրներ։