ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց իշխանական պատգամավորի այն տեսակետի հետ, թե նախորդ տարի ընդդիմության իրականացրած ցույցերը խոչընդոտել են տնտեսական զարգացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագծի քննարկմանը Փաշինյանն ընդգծեց՝ միջազգային հանրությունն ասում է, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է: Սա տնտեսական գրավչության ամենակարևոր պայմաններից է:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը նախորդ տարի հանրահավաքներով խոչընդոտել է տնտեսական զարգացմանը՝ Փաշինյանն ասաց. «Կես կատակ-կես լուրջ ուրիշ բան ասեմ: Ընդհակառակը՝ մենք նախորդ տարի նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել: Օրինակ՝ մարդիկ կային, որոնք որպես զբոսաշրջիկ Հայաստան էին այցելել այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում: Ամենայն անկեղծությամբ եմ ասում: Մարդիկ գնում էին՝ տեսնեին, թե դա ինչ է, նկարվում էին: Մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, թե օտարերկրացիների ինչ շարժ է եղել ընդդիմության ճամբարում: Հետո պարզեցինք՝ օրինակ 30 տարեկան մարդը իր երկրում կյանքում ցույց չի տեսել՝ առավել ևս նման վրանային: Գնում, նայում էին»: