Մոսկվան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն կարևոր է հասնել առաջադրված նպատակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այն կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր առջև սկզբնապես դրված նպատակներին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
«Դա մնում է մեզ համար նախընտրելի տարբերակը», - ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ բանակցություններն առկախված վիճակում են, քանի որ եվրոպացիները Կիևին համոզել են, որ հնարավոր է հաղթել մարտի դաշտում: Ըստ Պեսկովի՝ դա «մոլորություն» է:
Նա նշել է, որ առաջնագծում տիրող դրությունը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի համար իրավիճակը «օրեցօր կվատթարանա»: