Հետևեք մեզ։

Ներդրվում է քաղաքացիների ծանուցման էլեկտրոնային համակարգ

12:09, 11 նոյեմբեր 2025
Ներդրվում  է քաղաքացիների ծանուցման էլեկտրոնային համակարգ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ծանուցումների միասնական մեխանիզմ։ Նրա խոսքով՝ եթե ծանուցման գործընթացը անցնի սահմանված բոլոր փուլերով, անձը կհամարվի պատշաճ ծանուցված՝ անկախ այլ հանգամանքներից։

Գալյանը նշեց, որ ֆիզիկական անձանց համար կգործի թվային հարթակ․ մուտքը կիրականացվի նույնականացման քարտով կամ բջջային նույնականացմամբ։ Ծանուցումը կտեղադրվի Azdarar. amհարթակում, և երբ անձը մուտք գործի, այն կհամարվի ստացված։ Բացի այդ, քաղաքացին կարող է լրացուցիչ տրամադրել էլեկտրոնային հասցե կամ հեռախոսահամար՝ ծանուցումների մասին ծանուցումներ ստանալու համար։

Եթե անձը չի մուտք գործում հարթակ, ապա ծանուցումն ավտոմատ կերպով կուղարկվի նրա հաշվառման հասցեով՝ հիբրիդային առաքանու միջոցով, երբ էլեկտրոնային ծանուցումը փոխակերպվում է փոստային նամակի։ Եթե ուղարկվելուց հետո 7 օրվա ընթացքում քաղաքացին չի ընդունում նամակը կամ հրաժարվում է, ապա հաջորդ փուլով ծանուցումը հրապարակվում է azdarar.am-ում, և հրապարակման 7-րդ օրը համարվում է պատշաճ ծանուցված։

Նախագծով հնարավորություն է տրվում նաև իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին՝ օգտվելու այս համակարգից և միմյանց ծանուցումներ ուղարկելու էլեկտրոնային եղանակով։

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ թեև ծանուցումներից չկայանալ ցանկացողները շարունակելու են խուսափել, նոր մեխանիզմը ամբողջությամբ կբարձրացնի ծանուցումների արագությունը, վստահելիությունն ու պահպանման արդյունավետությունը։

Վերլուծական