Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ վերջին օրերի քննարկումները։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նախապես չի հայտարարվել, որ առաջին խմբաքանակով ներմուծված ցորենը նախատեսված էր անասնակերի համար։ Զաքարյանը նշել է, որ նախարարության հիմնական շեշտադրումը եղել է ներմուծման ուղիների դիվերսիֆիկացիայի, ոչ թե այդ խմբաքանակի որակի վրա։ Նրա խոսքով՝ ցորենը ներմուծվում է տարբեր նպատակներով, և առաջին խմբաքանակը հենց անասնակերի համար էր։ «Հացի խնդիր չկա։ Այսպիսի ցորեն էլ է պետք»,-նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե հասարակության մոտ կարծիք էր ձևավորվել, որ ներմուծումը կարող է նվազեցնել հացի գինը, փոխնախարարը պատասխանեց, որ հացի գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և միայն ներմուծման ուղիների փոփոխությունը բավարար չէ գնի իջեցման համար։