Հետևեք մեզ։

Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, դա չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի․ Խանդանյան

13:29, 11 նոյեմբեր 2025
Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, դա չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի․ Խանդանյան

Կա անկլավների հարց, բայց դա պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում: Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, իսկ թե երբ կսահմանազատվեն՝ հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Սահմանզատման գործընթացը պետք է շարունակվի, և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, չգիտեմ՝ մեջտեղո՞ւմ, վերջո՞ւմ, թե՞ ոնց, պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, այդ պայմանագիրը պետք է վավերացվի: Պետք է տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում:

Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա»,- ասաց նա:

 

 

Վերլուծական