Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ․ Փաշինյան

12:12, 12 նոյեմբեր 2025
Հայաստանի կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ինչ վերաբերում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամենօրյա աշխատանք են անում այդ ուղղությամբ: Եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որպեսզի խաղաղության հարցն էլ լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը: Այսինքն՝ սա դիտանկյան խնդիր է»,-ասաց վարչապետը: 

Փաշինյանը կարծում է, որ խաղաղությունը կլուծի մնացած բոլոր հարցերը:

«Այն ընկալումը, թե մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղության համաձայնագիրը, բացարձակ չէ: Դա կենդանի պրոցես է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, խաղաղության այս կետին չէինք հասնի»,-ասաց նա: 

Վարչապետի խոսքով՝ այդ պատճառով է, որ Կառավարությունը փորձում է հնարավորինս այնպիսի ճկուն մոտեցումներ ցուցաբերել, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահին: 

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, որոնց թվում են նաև ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները։ 

 

Վերլուծական