Հետևեք մեզ։

Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին

15:25, 12 նոյեմբեր 2025
Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին

Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Հայաստանում գաղտնալսումների խնդրին՝ նշելով, որ նման գործողություններ իրականացվում են ոչ միայն ԱԱԾ-ի կողմից։

Նա ընդգծել է, որ անգամ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին են գաղտնալսել․ «Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր»,– նշել է Քոչարյանը՝ արձագանքելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ արդյոք գաղտնալսումները երբեմն իրականացվում են օրենքի խախտմամբ։

Քոչարյանի խոսքով՝ երբ Վանեցյանը արդեն պաշտոնից ազատված էր, ինքը նրանից հարցրել է՝ ով է իրականացրել գաղտնալսումը։ «Ասացին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար բացատրություն չէր։ Գլխավոր դատախազությունը պետք է հստակ պարզեր՝ որտեղի՞ց է գաղտնալսումը արվել, որովհետև եթե գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենը, նշանակում է՝ վտանգվել են պետական բոլոր կառույցները, ինչը անթույլատրելի է, հատկապես օտար աղբյուրների դեպքում»,– ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է բացահայտել նաև այն դեպքերը, երբ գաղտնալսված նյութերը հայտնվում են շրջանառության մեջ․ «Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, պետք է պարզել՝ ինչպես են այդ տվյալները դուրս եկել գաղտնիության տիրույթից։ Դա կարևոր է, որպեսզի նման գայթակղությունը վերացվի թե՛ շարքային աշխատակցի, թե՛ որոշում կայացնողների մակարդակներում»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս խնդրի ամբողջական բացահայտումը կօգնի վերացնել անվստահության մթնոլորտը երկրի ներսում։

Վերլուծական