Հետևեք մեզ։

Կիևը դադարեցրել է Մոսկվայի հետ բանակցությունները առաջընթացի բացակայության պատճառով

23:16, 12 նոյեմբեր 2025
Կիևը դադարեցրել է Մոսկվայի հետ բանակցությունները առաջընթացի բացակայության պատճառով

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցություններն ընթացիկ տարում ավարտվել են՝ առաջընթաց չգրանցելու պատճառով։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությունը։

 

«Քանի որ այս տարվա բանակցությունները գործնականում ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, դրանք այժմ դադարեցվել են»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Կիսլիցան։

 

Վերջինիս խոսքով՝ Ստամբուլում կայացած հանդիպումների ժամանակ ռուսական կողմը փորձել է լարվածություն առաջացնել ուկրաինացիների շրջանում և հրաժարվել է համաձայնվել պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլերի։

 

Նա նաև նշել է, որ Ուկրաինան 2025 թվականի ամռանից սկսած ակտիվորեն աշխատում է Կիևի միջազգային գործընկերներին համոզելու համար՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս համաձայնի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անձնական հանդիպում անցկացնել։ 

 

«Բռնապետության պայմաններում անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ։ Նրանք շատ խիստ մանդատ ունեն, և պետք է պաշտպանեն իրենց հանձնարարված դիրքորոշումը»,- ասել է Կիսլիցան՝ անդրադառնալով Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացին։

 

Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում անցկացրել են ուղիղ բանակցությունների երեք փուլ՝ մայիսի 16-ին, հունիսի 2-ին և հուլիսի 23-ին։ Դրանց արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը նաև փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։

 

Վերլուծական