Լրագրողներն այսօր խորհրդարանում միջանցքներում հարց ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչն էր պատճառը, որ այսօր առավոտյան քվորում չապահովվեց այն դեպքում, երբ դահլիճում ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սիմոնյանի խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը՝ ընդդիմությունը կա՛մ ներկա չի լինում նիստերին, կա՛մ գալիս է այն ժամանակ, երբ պետք է ելույթ ունենա:
«Մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում»,- նշեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ընդամենը 10 րոպե ուշացում է եղել, բացի դրանից՝ կան պատգամավորներ, որոնք նորածին երեխա ունեն:
Ճշտող հարցին՝ արդյոք ուշացումների պատճառը դիտավորությո՞ւնն էր, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:
«4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին: Տիկին Դավոյանը հիմա էստեղ չի, Մարիամ Պողոսյանը, տիկին Տիգրանյանը փոքր բալիկներ ունեն»,- պարզաբանեց նա:
Սիմոնյանի խոսքով՝ իրենք փորձում են խորհրդարանի բնականոն աշխատանքը ապահովել, բացի դրանից՝ կան մարդիկ, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, որոնք գործուղման են:
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը զայրացել էր, Սիմոնյանն ասաց՝ պատճառը քվորում չապահովելն էր, պարզաբանեց՝ ԱԺ-ի աշխատանքներում տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են լինում: