Հետևեք մեզ։

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հարավային Կովկասի ապագայի ճանապարհային քարտեզն է՝ միջազգային լայն աջակցությամբ. Սարգիս Խանդանյան

11:06, 14 նոյեմբեր 2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հարավային Կովկասի ապագայի ճանապարհային քարտեզն է՝ միջազգային լայն աջակցությամբ. Սարգիս Խանդանյան

Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի ճանապարհային քարտեզն է՝ կոնկրետ պարամետրերով և միջազգային լայն աջակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

 

Խանդանյանը հիշեցրել է, որ դեռևս մեկ տարի առաջ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին խոսում էին որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մի տեսլականի, որպես մի գաղափարի կամ երազանքի մասին, որը կարող էր Հարավային Կովկասը դարձնել ավելի անվտանգ։ 

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պատմական խաղաղության հռչակագրի ստորագրմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, «Խաղաղության խաչմերուկ»-ն այլևս միայն տեսլական կամ գաղափար չէ, այն տարածաշրջանի ապագայի ճանապարհային քարտեզն է՝ կոնկրետ պարամետրերով և միջազգային լայն աջակցությամբ։ Այն ունենալու ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ նշանակություն։ 

Այսօրվա համաժողովի ընթացքում մեր բանախոսները վերլուծելու են, թե որոնք են լինելու նախագծի քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական առավելությունները։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում խոսելու ենք նաև «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի բացած հնարավորությունների և Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։ Քննարկելու ենք, թե ինչ տեսք է ունենալու մեր տարածաշրջանի անվտանգային նոր ճարտարապետությունը համաշխարհային այս անորոշության պայմաններում, և թե ինչպիսի դերակատարում կարող է ունենալ Եվրամիությունը տարածաշրջանի համագործակցության հեռանկարում»,- ասել է Խանդանյանը։ 

 

Վերլուծական