ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ TRIPP ծրագրի իրականացման համար ստեղծվելու է Հայաստան–ԱՄՆ համատեղ հիմնադրած ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության որոշումների ընդունման հարցում Հայաստանը կունենա վճռորոշ ձայն։ Նա այս մասին ասել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային կապերը» համաժողովում։
Վարչապետը նշել է, որ կստեղծվի տնօրենների խորհուրդ, և նախագիծը կունենա մի քանի հիմնական ուղղություններ՝ երկաթուղային հաղորդակցություն, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխային համակարգեր և այլ տրանսպորտային կապեր։ Փաշինյանի խոսքով՝ թեև շատերը TRIPP-ը դիտարկում են որպես միայն մեկ տարածքում իրականացվող նախաձեռնություն, իրականում այն հնարավոր չի լինի այդ սահմանափակ ձևաչափով կիրառել։