Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման կառուցապատման իրավունքի տրամադրման համար երկու սցենար է քննարկվում՝ 99 և 49 տարվա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընկերությունը ստանալու է կառուցապատման իրավունք, առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Ինչի՞ հետ է կապված ժամկետների կարգավորումը՝ այդտեղ ներդրումներ են արվելու և ներդնողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով: Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ժամկետի վերաբերյալ քննարկումները զուտ ֆինանսատնտեսական են, և այդտեղ քաղաքական կոմպոնենտ չկա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։