2-ամյա ստամոքսում 13 մագնիսե գնդիկ է հայտնաբերվել։
«Հետք»-ի հաղորդմամբ՝ այն պահին, երբ տղան հասկացրել է մորը, որ իրեն անհանգստացնող բան կա, ծնողները որոշել են դիմել բուժօգնության։
«Մեզ ասացին, որ ստամոքսում կա մագնիսի 13 գնդիկ։ Ասեցին, որ ջուր խմեցնենք, պյուրե ուտացնենք, հնարավորինս հեղուկ շատ տանք ու սպասենք մինչև երկուշաբթի առավոտ (դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հեղ.)»,-պատմում է երեխայի մայրը՝ Սիրանուշը։
Նա պատմում է, որ այդ բժիշկներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր չէ հանել մագնիսները, քանի դեռ դրանք ստամոքսում են, իրենց պատասխանել են՝ ոչ, գնացեք և սպասեք։
Ծնողները երեխայի հետ վերադարձել են տուն, սակայն հասկացել են, որ երկրորդ մասնագետի կարծիք է պետք լսել ու գնացել են «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար»։ Այստեղ ևս մեկ անգամ ռենտգեն են արել, և հաստատվել է, որ ստամոքսում և կերակրափողում կան մագնիսի գնդիկներ։
«Երբ ես «Ուիգմոր»-ում հարցուփորձ էի անում՝ իսկ նարկոզը և այլն, և այլն, ինձ էդտեղ սթափեցնող բացատրեցին, որ հիմա՝ էս պահին է նա էսպես աշխույժ, ժիր, խոսում է, խաղում է, երբ որ մագնիսները ստամոքսից գնան աղիներ, ինչ կլինի, իր վիճակն ինչպես կփոխվի, արդեն անկանխատեսելի է»,- պատմում է Սիրանուշը։
«Ուգիմոր»-ում կատարել են էնդոսկոպիկ հետազոտություն, անզգայացրել են երեխային և հանել մագնիսները։ Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանն ասում է, որ, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկ դեռ չէր անցել ոչ հասանելի հատվածներ, քանի որ այդ դեպքում արդեն վիրահատություն կամ այլ միջամտություններ պետք է իրականացնեին։ Նաև խուսափել են հետագա հնարավոր բարդություններից.
«Եթե մենք ունենայինք մեկ մագնիս, մենք խնդիր չէինք ունենա, մեկ մագնիսը կարող էր հանգիստ դուրս գալ,- ասում է Դավիթ Մարգարյանը,- երկու և ավելիի դեպքում, մենք պերֆորացիաների, նեկրոզի առաջացման ռիսկեր ունենք»։
Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստը նաև նշում է, որ լավ է, որ ծնողները չեն հետևել առաջին բուժհաստատությունում տրված խորհուրդներին և ո՛չ ջուր են խմեցրել, ո՛չ պյուրե տվել, քանի որ դրանք, ընդհակառակը, կվատացնեին երեխայի վիճակը. առարկան ստամոքսից կանցներ այլ հատվածներ, ու արդեն դժվար կլիներ այն հեռացնել։