Արտադրական կեղտաջրերը, որոնք չեն անցնի նախնական մաքրում, 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն նախնական մաքրման, որ չվնասեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարը:
Համբարձում Մաթևոսյանը նշեց՝ եթե արտադրական կեղտաջրի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն, կեղտաջրի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին:«2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու վերոնշյալ պահանջներին չհապատասխանող կեղտաջրերն, առանց նախնական մաքրում իրականացնելու, արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ: Արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին»,- նշեց Մաթևոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն չպետք է վերադառնա:«Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է: Հետևաբար, մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին: