Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետությունը պատրաստ է տնտեսվարողներից գնել դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ

14:00, 16 հունիս 2023
Արցախի Հանրապետությունը պատրաստ է տնտեսվարողներից գնել դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ

 

Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի  վրա: Այս մասին հաղորդում է Արցախի գյուղատնտեսության նախարարությունը և հավելում․

«Այսպես.

  • պետական պահուստում առկա վառելիքի սուղ պաշարների հաշվին տնտեսավարողները շրջափակման առաջին ամիսներին հնարավորություն են ունեցել իրականացնել գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, 
  • ամբողջությամբ անվճար վերջիններիս են տրամադրվել գարնանացան մշակաբույսերի սերմերը, բացառությամբ կարտոֆիլի և հաճարի, որոնց դիմաց հողօգտագործողները վճարել են սիմվոլիկ գումար,
  • վերջերս գյուղատնտեսության նախարարի՝ ոլորտի շրջանային պատասխանատուների, ԱՀ ԳԳԱՀ տնօրենի  հետ ընդլայնաված խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բերքահավաքի աշխատանքներում ներգրավված կոմբայնների վարձավճարների 10 %-ով իջեցման վերաբերյալ՝ նախորդ տարի գործող գների համեմատությամբ,
  • որոշում է կայացվել երաշտից տուժած աշնանացան ցանքատարածքները  բերքահավաքից հետո փոցխել պետական միջոցների հաշվին՝ նախապատրաստելով դրանք 2024 թվականի ցանքսին, ինչը շոշափելի ծախսերից կազատի հողօգտագործողներին:

Ներկայումս հանրապետությունում ընթանում են հացահատիկայինների, ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ պտղատեսակների բերքահավաքը: 

Կառավարությունը հոգացել է հացահատիկայինների ցանքատարածքներում և այգիներում բերքահավաքի՝ հնարավորինս անվտանգ կազմակերպման մասին ևս:

Որոշում է կայացվել նաև աջակցել թթի արտադրանքի, մասնավորապես՝ բարձրորակ դոշաբի իրացման գործընթացին, նախապատվությունը տալով հատկապես տնային տնտեսություններում վերամշակված արտադրանքին: 

Պետությունը պատրաստ է գնել թթի բարձրորակ դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ:

Այսպիսով, թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն՝ շահավետ պայմաններով, պետության աջակցությամբ ու երաշխավորությամբ իրացնել սեփական արտադրանքը՝ զերծ մնալով մի շարք լրացուցիչ ծախսերից ու քաշքշուկից»: