Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

18:35, 14 նոյեմբեր 2025
Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում: 

 

Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

 

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը համահունչ է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:

 

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար:

 

Հայաստանի ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Վերլուծական