Հետևեք մեզ։

Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի նախագահին

13:00, 15 նոյեմբեր 2025
Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի նախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպել է նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կարևոր առաքելության ճանապարհին նոր նախաձեռնությունների կյանքի կոչման, արդի պայմաններում մարտահրավերների հաղթահարման գործում արդյունավետ փոխգործակցության հարցերի շուրջ:

 

 

 

Վերլուծական