Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանի գործով դատավորների վարքագիծն իր «տիեզերական արագությամբ» կարող է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում․ Վարդևանյան

13:16, 15 նոյեմբեր 2025
Սամվել Կարապետյանի գործով դատավորների վարքագիծն իր «տիեզերական արագությամբ» կարող է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների գործողությունների մասին պետք է դիմել Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան հանձնաժողովին։ Այս մասին նոյեմբերի 15-ի ասուլիսում հայտարարել է կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը ասել է, որ նման արձանագրումը կլինի արդար, քանի որ Գինեսի գրքում կա նաև տիեզերքին վերաբերող բաժին, և դատավորների վարքագիծն իր «տիեզերական արագությամբ» կարող է տեղ գտնել այնտեղ՝ գերազանցելով լույսի ու ձայնի արագությունը։

Պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի նոյեմբերի 13-ին ուղարկել է գրություն, որը ստացվել է արդեն նոյեմբերի 14-ին։ Չնայած դրան՝ գրության մեջ նշված է «նոյեմբերի 12» ամսաթիվը, և ընդգծվում է, որ որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին։ Վարդևանյանը նշել է, որ Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը արդեն իսկ նոյեմբերի 13-ին ունեցել է այդ որոշումը։ Նա այնքան շուտ է այն ստացել, որ հասցրել է ծանոթանալ, մեջբերումներ անել և նույն օրը՝ ժամը 18:27-ին, մուտքագրել կալանքի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է։

Նշենք, որ դատարանը գործարարի կալանքի հարցը քննելու է նոյեմբերի 17-ին։

Վերլուծական