Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Կվարտալի՝ ժողովրդին հայտնի «կոլցեվոյում» վթարված ավտոմեքենա կա: \\
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված վայրում՝ կանաչ գազոնում, պարեկները հայտնաբերել են առջևի հատվածը վնասված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի 15-րդ թաղամաս ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, ապա երկաթե սյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկովւմ են անհրաժեշտ միոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նշված վթարի հետևանքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ, թե ոչ:
Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: