ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մեկնաբանել է տարածված տեղեկությունները, թե հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերին գործուղմամբ եղել են Թուրքիայում։ Նա հաստատել է այցը, բայց ընդգծել, որ այն որևէ կապ չի ունեցել քաղաքական գործընթացների կամ գաղտնի բանակցությունների հետ։
Մեսրոպյանի խոսքով՝ հանձնաժողովի երեք անդամներ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը, Թուրքիա են մեկնել մասնակցելու «Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի» հերթական նիստին։ Հայաստանը այս միջազգային կազմակերպության հիմնադիրներից է՝ 1999 թվականից։ Ասոցիացիան միավորում է 47 երկրներ, որոնք տարին երկու անգամ քննարկում են էներգետիկ ոլորտի հիմնական խնդիրները։ Վերջին հանդիպման օրակարգում եղել են վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային համակարգերի ներդրման դժվարությունները, ինչպես նաև էներգետիկ շուկայի ազատականացմանը վերաբերող հարցերը։
Մեսրոպյանը հիշեցրել է, որ մայիսին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Օմանում անցկացված աշխատաժողովին, որի ժամանակ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը երեք տարիների համար ընտրվել է կառույցի նախագահության անդամ։
Նա կտրուկ հերքել է պնդումները, թե Թուրքիա այցելությունը կապված է ՀէՑ-ը վաճառելու կամ այլ գաղտնի պայմանավորվածությունների հետ՝ հայտնելով, որ այդպիսի հայտարարությունները «Գեբելսյան քարոզչություն» են և իրականության հետ որևէ աղերս չունեն։