Հետևեք մեզ։

25-ամյա երիտասարդը «Գնունեցի Վարազիկին» սպանել է ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով

16:41, 16 հունիս 2023
25-ամյա երիտասարդը «Գնունեցի Վարազիկին» սպանել է ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի (Գնունեցի Վարազիկ- Hayastan.news) սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ:
 
2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի է հայտնաբերվել:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էր տղամարդու դին՝ դեմքի շրջանում հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել և առգրավվել էր հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
 
Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վ. Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ, և սպասել: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ հիշյալ տղամարդը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62x25) տրամաչափի ակոսափող ատրճանակից, 35-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի:
Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների՝ 25-ամյա երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։
 
Բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: