Հետևեք մեզ։

Ովքե՞ր են «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի անդամները․ Իվետա Տոնոյանը մանրամասներ է հայտնել

19:22, 17 նոյեմբեր 2025
Ովքե՞ր են «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի անդամները․ Իվետա Տոնոյանը մանրամասներ է հայտնել
Այսօր լրացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը․
 
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն, ստացել ենք 400-ից ավելի հայտեր Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից, և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներից, այդ թվում՝ արտասահմանցի։
 
 Ձևավորվել է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ մրցութային հանձնախումբ, որի կազմը լիազորված եմ հրապարակելու ստորև։ Բոլոր հայտերը մանրամասն ուսումնասիրվելու են, իսկ լավագույններն ու ամենահեռանկարայինները կարժանանան դրամական պարգևների։
 
Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը, մրցանակային ֆոնդն ավելացվել է, և հրապարակված անվանակարգերից զատ, հետաքրքիր գաղափարների և նորարարական լուծումների հեղինակների համար սահմանվել են լրացուցիչ մրցանակներ։
 
Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել․ բոլոր հետաքրքիր ու գործնական առաջարկները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում` հեղինակների համաձայնությամբ:
 
Շնորհակալություն համարձակ մտքերի, վստահության և ակտիվ մասնակցության համար։ Միասին ձևավորում ենք մի ծրագիր, որի առանցքում ստեղծարար միտքն է, արդար մրցակցությունը և Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը։
 
Ստորև ներկայացնում եմ հանձնախմբի կազմը՝
 
▪️Արա Այվազյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար
 
▪️Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար
 
▪️Արթուր Ալեքսանյան
Ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն
 
▪️Հռիփսիմե Խուրշուդյան
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
 
▪️Էրիկ Եղյան
ՀԱՕԿ նախագահի՝ պատերազմում վիրավորում ստացած զինվորների մարզվելու ու վերականգնվելու հարցերով օգնական, 44-օրյա պատերազմի մասնակից
 
▪️Լուիզա Սարգսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ
 
▪️Արա Գևորգյան
Երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ
 
▪️Գայա Արզումանյան
Երգչուհի
 
▪️Իվետա Տոնոյան
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի համակարգող
 
▪️Լիաննա Մանուկյան
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի քարտուղար, «Հայաստան - Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ»։

Վերլուծական