Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն աշխարհի առաջնության իր մարզաշապիկը հանել է աճուրդի, վաճառքից ստացված հասույթը կտրամադրի շրջափակված Արցախի հայերին, հայտնում է Nouvelles d’Armenie-ն։
Ժիրուի մարզաշապիկը, որը նա կրել է 2022 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում, աճուրդի է հանվել «Գիշեր՝ առաքելության համար» բարեգործական միջոցառման երրորդ թողարկման ժամանակ։ Խաղացողը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 78-րդ րոպեին։
Վաճառքից ստացված հասույթը կհատկացվի երկու քրիստոնեական կազմակերպություններին, այդ թվում՝ «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար»:
Միջոցառմանը ներկա են եղել «Բաց դռների» և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներ Անն-Ֆլորենս Ռոշը և Ռենե Լեոնյանը։
Նրանք շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և նվիրատուներին:
«Մեծ շնորհակալություն Օլիվյե Ժիրուին իր հավատքի և մարդասիրության համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Լեոնյանը: