Հետևեք մեզ։

Կարծում եմ՝ վարչապետը շատ հստակ խնդիր է բարձրացնում՝ ինչքանո՞վ ենք մենք արժևորում այն պետությունը, որ ունենք այսօր․ ԿԳՄՍ նախարարը՝ սիմվոլների մասին (տեսանյութ)

17:13, 16 հունիս 2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից Hayastan.news-ն այսօր հետաքրքրվեց, թե արդյոք իր համար ընդունելի՞ են Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումներն ու չափանիշները, որոնք նա առաջադրում է Հայաստանի օրհներգի ու զինանշանի փոփոխության մասով։

Նախարարը նախ ասաց, որ մեր զինանշանի փոփոխությունների մասով երկար ժամանակ ձևավորված է եղել մասնագիտական աշխատանքային խումբ, որը մանրամասն վերլուծություններ են արել և մի քանի շատ կարևոր նշանային վերլուծություններ են առանձնացրել։

«Այդտեղ բազում հարցեր կան, և այդ հարցերը բարձրացրել են հենց մանսագետները, զինանշանի մասին եմ կոնկրետ այս պահին ասում։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մեր պետական խորհրդանիշներին անդրադառնալն ու դրանց իմաստային նորովի նշանավորումը կարևոր հարց է»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

 

Հարցին՝ Արարատ լեռը պե՞տք է լինի մեր զինանշանում, թե՞ ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում Արարատի մասին, որ դա մերը չէ, մենք այն  հեռվից ենք սիրում, նախարարն ասաց․ «Ես կարծում եմ՝ այստեղ ամենևին որևէ բան սիրելու մասին չէ խոսքը։ Մենք ոչ թե պետք է այդ ամբողջ խոսակցությունը դիտենք ինչ-որ մի բանի դեմ դաշտում, այլ պետք է դիտենք մեր պետության արժևորման դաշտում։ Շատ կոնկրետ բան եմ ասում։ Կարծում եմ, որ վարչապետը շատ հստակ մի խնդիր է ընդամենը բարձրացնում՝ ինչքանո՞վ ենք մենք արժևորում այն պետությունը, որ ունենք այսօր, ինչքանո՞վ է դա արտահայտվում այն սիմվոլիկաներում, որ մենք օգտագործում ենք, ինչքանո՞վ  է արտահայտվում այն տեքստերում, որ մենք ասում ենք։ Ես կարդում եմ երբեմն որոշ ոլորտային ռազմավարություններ՝ տարբեր տարիների, որտեղ մի անգամ պետություն բառը չեք տեսնի, բայց դա վերաբերում է մեր պետության կոնկրետ ոլորտի։ Ամենատարբեր բառեր կարող են լինել՝ ազգ, հայրենիք, երկիր, բայց պետություն  բառը պետք է դառնա մեզ համար ամենակիրառելի, գործածական բառը, որովհետև, իրականում, մենք պետք է գիտակցենք, հասկանանք մեր պետության արժեքը, մեր սուվերենության արժեքը»։

 


Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ