Հետևեք մեզ։

ՄԻԵԴ-ի վճիռն ազդակ է Մարտի 1-ի գործով վերջնական իրավական գնահատական տալու համար․ Ռուստամ Բաքոյան

12:27, 18 նոյեմբեր 2025
ՄԻԵԴ-ի վճիռն ազդակ է Մարտի 1-ի գործով վերջնական իրավական գնահատական տալու համար․ Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովում մեկնարկել է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը իր ելույթում ներկայացրեց Մարտի 1-ի գործի ներկայիս իրավական ընկալումները, ՄԻԵԴ-ի վճռի նշանակությունը և պետության պարտավորությունները։

Բաքոյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենացավոտ էջերից են, որոնք ներկայացնում են անարդարության, քաղաքական ցինիզմի և ճշմարտությունը թաքցնելու ցանկության հանրագումար։  

Նրա խոսքով՝ այդ ժամանակվա իշխանությունները կանգնել են օրենքի գերակայությունն ապահովելու կամ նեղ քաղաքական շահերին ծառայելու ընտրության առաջ և ընտրել են երկրորդը։ 

Նա ընդգծեց, որ նախկինում իրականացված քննչական գործողությունները չեն կարող որակվել որպես լիարժեք և անկողմնակալ.

«Նախորդ իշխանությունների օրոք Մարտի 1-ի գործի քննությունը պետք է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ իմիտացիա։ Դա քննության իմիտացիա էր, արդարադատության իմիտացիա»,- ընդգծեց նա։ 

Բաքոյանի գնահատմամբ՝ այդ տարիներին գործում էր համակարգ, որտեղ քաղաքական հովանավորությունը գերակայում էր օրենքի գերակայությանը, ինչի հետևանքով որևէ քննություն չէր կարող հանգեցնել արդար արդյունքի։ 

Բաքոյանը հատուկ շեշտեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2025 թ․ սեպտեմբերի 18-ի վճռի նշանակությունը, որը հաստատում է՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքը, ներառյալ նրա ընթացակարգային բաղադրիչը, և պատասխանատու է մի շարք քաղաքացիների մահվան համար։ 

Բաքոյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի վճիռը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ նաև պետության կողմից իր բացթողումների պաշտոնական ընդունումը։ «Դատարանը արձանագրել է, որ իշխանությունները չեն իրականացրել քննություն հրամանատարական շղթայի հնարավոր պատասխանատվության վերաբերյալ, չեն պարզել զոհերի մահվան իրական հանգամանքները և չեն կատարել պետության պարտավորությունները՝ կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանման ուղղությամբ։

«Դատարանը հաստատեց, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են իրենց պարտավորությունը կյանքի իրավունքի դատավարական պահանջի կատարման ուղղությամբ»,– ասաց Բաքոյանը։ 

Նա նշեց, որ գործում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է միջազգային դատարանի հետ չհամագործակցելուն։ 

Բաքոյանն ընդգծեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության առաջնային խնդիրներից է եղել Մարտի 1-ի արդարացի քննությունն ու բացահայտումը։ Նրա խոսքով՝ գործի վերաբացումը նպատակ չունի քաղաքական հաշվեհարդարի, այլ ուղղված է արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը։ 

«ՄԻԵԴ-ի վճիռը պետք է ազդակ լինի դատական իշխանության և իրավական ամբողջ համակարգի համար՝ անհրաժեշտ հետևություններ անելու և վերջնական իրավական գնահատական տալու Մարտի 1-ի իրադարձությունների համար հիմնական պատասխանատվություն կրող անձանց գործողություններին»,– նշեց նա։ 

Բաքոյանի համոզմամբ՝ հենց այս վճռի լույսի ներքո է, որ Մարտի 1-ի գործը ստանում է իր ամբողջական իրավական և բարոյական իմաստը։

Բաքոյանը հավելեց, որ երկար տարիների ընթացքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը պետք է ավարտվի․ 

«Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին կանգառը։ Քաղաքականապես նախկին ռեժիմը պարտվել է, ձախողվել է, և թեկուզ տարիներ անց արդարադատությունը պետք է լինի անխուսափելի»,- եզրափակեց նա։ 

Հանրային քննարկմանը մասնակցում են Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները, Մարդու իրավունքների պաշտպանը։

Վերլուծական