Հետևեք մեզ։

Սաշա Աֆյանի նկատմամբ «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդումը վերականգնվել է․ Վարդապետյան

14:27, 18 նոյեմբեր 2025
Սաշա Աֆյանի նկատմամբ «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդումը վերականգնվել է․ Վարդապետյան

«Մարտի 1»-ի գործով Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ նախկինում դադարեցված քրեական հետապնդումը վերականգնվել է՝ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման և միջազգային փաստաթղթերի հիման վրա. դրվագը կհանձնվի դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում հրավիրված քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 11-ին իր որոշմամբ վերացվել է 2020 թվականի հունվարի 30-ի այն ակտը, որով դադարեցվել էր Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով։ 

Վարդապետյանի խոսքով՝ քննությամբ հիմնավորվել է, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին զբաղեցնում էր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, մարտի 1-ի առավոտյան իր լիազորությունները գերազանցելով՝ այլ անձանց հետ միասին կազմակերպել է խաղաղ ցուցարարների ցրումը, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների ապօրինի կիրառումը և հետագա հետապնդումները Երևանի կենտրոնում։ Այդ գործողություններով տասնյակ քաղաքացիների պատճառվել են մարմնական վնասվածքներ, և էական վնաս է հասցվել ինչպես անձնական իրավունքներին, այնպես էլ հանրային ու պետական շահերին։ 

«Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Սաշա Աֆյանը տագնապով հավաքել է ՊՊԾ գնդի ծառայողներին, զինել հատուկ միջոցներով և ուղարկել Ազատության հրապարակ՝ նստացույց անողներին ցրելու համար։ Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ տեղակայվել են հրապարակին հարակից փողոցներում, իսկ ՊՊԾ գնդի ծառայողները, Սաշա Աֆյանի կազմակերպմամբ, առանց օրենքով նախատեսված հիմքերի՝ մուտք են գործել հրապարակ ու բռնությամբ ցրել նստացույցի մասնակիցներին»,- ներկայացրեց Վարդապետյանը։

Վարդապետյանը հիշեցրեց, որ 2019 թվականին Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ լիազորություններն անցնելը բռնությամբ և հատուկ միջոցների կիրառմամբ։ 2020 թվականին քննիչը դադարեցրել էր քրեական հետապնդումը՝ հղում անելով վաղեմության ժամկետների անցնելուն։ Գլխավոր դատախազը, սակայն, եզրակացրել է, որ այդ որոշումները եղել են ոչ օրինական և ոչ հիմնավոր։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ և ՄԻԵԴ նախադեպերով հաստատվել է, որ 2003 թվականից ուժի մեջ գտնվող օրենսգրքով խոշտանգման կամ նման վատ վերաբերմունքի դրսևորումների համար վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել։

«Սաշա Աֆյանի գործողությունները՝ որպես բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնում, հավասարեցվում են վատ վերաբերմունքին, ուստի քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության հիմքով»,-ընդգծեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ 2020 թվականի որոշումը վերացվել է, Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերականգնվել է։ 

«Առաջիկայում այս դրվագը մեղադրական եզրակացությամբ կհանձնվի դատարան»,- եզրափակեց Վարդապետյանը։

 

Վերլուծական