Հետևեք մեզ։

Զելենսկին ժամանել է Թուրքիա

12:34, 19 նոյեմբեր 2025
Զելենսկին ժամանել է Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Ումերովը գործուղման էր մեկնել Թուրքիա նոյեմբերի 18-ին։ Նա հայտարարել էր, որ մտադիր է ակտիվացնել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։

Զելենսկին նոյեմբերի 19-ին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։

Մինչ այս Զելենսկին այցելել էր Հունաստան, Ֆրանսիա և Իսպանիա, որտեղ կարևոր համաձայնագրեր էր ստորագրել։ 

Մադրիդում Զելենսկին հանդիպել էր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, թագավոր Ֆիլիպ 6-րդի, խորհրդարանի երկու պալատների ղեկավարների և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Իսպանիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինային, հավաստիացրել, որ կշարունակի ֆինանսավորումը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին՝ ռազմական գնումների համար։ 

Նոյեմբերի 17-ին Զելենսկին Փարիզում էր։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի տասը տարվա ընթացքում Կիևը ձեռք կբերի շուրջ հարյուր Rafale կործանիչ, նոր սերնդի ութ SAMP-T նոր հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ 

Իսկ նոյեմբերի 16-ին Վոլոդիմիր Զելենսկին Աթենքում մտադրությունների հուշագիր էր ստորագրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ:

 

Վերլուծական